11/10/2022 09:40
«Հրապարակ». Փաշինյանը փորձում է Ալիևին համոզել, որ ՀՀ-ի համար Արցախի թեման փակված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ հրավիրել, որ Արցախի նախագահը մասնակցեր։ Մեկ տարի առաջ ՀՀ ԱԽ նիստերին ոչ միայն ԱՀ նախագահն էր մասնակցում, այլև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, երբեմն՝ այլ պաշտոնյաներ էլ։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է Ալիևին համոզել, որ Հայաստանի համար Արցախի թեման փակված է։ Չի բացառվում, որ սա Ալիևի ուղիղ պահանջն է, որ ոչ միայն Արցախ չմեկնեն, այլև Արցախի պաշտոնյաներին չընդունեն, համատեղ նիստեր չանեն։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձում է գլխատել Արցախի իշխանությունը, հասնել Հարությունյանի հրաժարականին, որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել, և պետական կառույցները պարալիզացվեն, Արցախը դառնա անգլուխ մարմին։ Պատահական չէ, որ օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ իշխանությունների հետ կապեր ունեցող Տիգրան Պետրոսյանն էր»։