11/10/2022 10:27
«Հրապարակ». Հարություն Ղազանչյանին էլ հարազատ կուսակցությունը «քաշեց», բայց որոշել են նրան անգործ չթողնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, տեղեկացրել էինք, որ մտադիր է ազատվել իր ՔՊ-ական տեղակալ Հարություն Ղազանչյանից ու նշանակել թիմակցին՝ Սևակ Վարդանյանին։ Ղազանչյանին, հիշեցնենք, 1 տարի առաջ ՔՊ-ն «նշանակեց» փոխքաղաքապետ՝ հույսով, որ նա Շահգալդյանի տակը կփորի, որ հետո ինքը դառնա քաղաքապետ։ Բայց ՔՊ-ականների հաշվարկները սխալ դուրս եկան․ Ղազանչյանը չարդարացրեց ՔՊ-ի հույսերը և դավադրության չգնաց քաղաքի իշխանության դեմ։
Ուստի ընտրություններում նրան չառաջադրեցին, առաջադրեցին Արթուր Գալստյանին՝ «Ճնդո» մականունով։ Արդյունքում Գալստյանը չանցավ, Ղազանչյանին էլ հարազատ կուսակցությունը «քաշեց», քանի որ նա զբաղեցնում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետի բարձր պաշտոնը՝ հանեցին բերեցին Չարենցավանի փոխքաղաքապետ, որ հետո դառնա քաղաքապետ, բայց ոչ միայն չդարձավ, այլև ՔՊ-ի՝ Չարենցավանում պարտության արդյունքում շուտով նաև այդ պաշտոնից կզրկվի։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում որոշել են, այդուհանդերձ, նրան անգործ չթողնել»։