11/10/2022 14:40
Հաստատվել են սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը
Կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ծրագրի խնդիրներն են օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը, ինչպես նաև բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն, որը պայմանավորված է նոր միջոցառումների նախատեսմամբ և նախապես նախատեսված չափաքանակների հիմնավորված գերազանցմամբ:
Մասնավորապես 2022 թվականին աջակցություն ստացած 33 մարզական ֆեդերացիաների փոխարեն 2023 թվականին ֆինանսական աջակցություն կստանան 36-ը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել նաև դոպինգի դեմ պայքարում: 2022 թվականին մարզական միջոցառումների օրացույցում հայտնվել են նոր մրցումներ, որոնք դոպինգի օգտագործման տեսանկյունից բարձր ռիսկեր ունեն: Մասնավորապես, պարտադիր է դարձել դոպինգ թեստավորման (20-24 թեստ) անցկացումը «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի, լողի և վազքի մրցումների ժամանակ: 2022-2024 թվականներին Հայաստանում կայանալու են միջազգային խոշոր մրցումներ՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, որտեղ մեծ թվով թեստերի քանակը (80-100 թեստ) ևս պարտադիր է։
Նախատեսվում են 2 նոր միջոցառումներ.
• Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում,
• Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում:
Այսպիսով, սպորտի բնագավառի պետական քաղաքականությունը միտված է երկու կարևոր նպատակների: Առաջինը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումն է, որը ներառում է բնակչության բոլոր շերտերի ներգրավվածությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, բնակչության ֆիզիկական դաuտիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման շրջանակը:
Երկրորդ առաջնահերթությունը միտված է միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների մեդալների նվաճմանը, նոր ռեկորդների գրանցմանը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ազգային և այլ մարզաձևերում, ադապտիվ սպորտում նոր հաջողությունների արձանագրմանը: