12/10/2022 15:13
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական երկխոսությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ:
Երախտագիտություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա նշել է քաղաքական, մշակութային ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակը և ընդգծել եգիպտական կողմի պատրաստակամությունը՝ տնտեսական կապերը ևս այդ նշաձողին հասցնելու, քանզի Հայաստանն ունի ներդրումային լավ հնարավորություններ:
Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Վարչապետը հաջողություն է մաղթել Եգիպտոսի դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ իր փորձառությամբ և գիտելիքներով պարոն Դիսուկին կշարունակի նպաստել հայ-եգիպտական կապերի սերտացմանը: