12/10/2022 09:54
«Հրապարակ». Աղբյուրների համաձայն՝ 2023-ի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք, որ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն՝ Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։
1990 թվականից ի վեր ամեն տարի այս մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Չենք բացառում, որ այս լուրերը` 2023 թ. մրցանակակիրների մասին, հատուկ են տարածում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզնից առավել շահագրգիռ են, որ օր առաջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և իրենց պատկերացումներով խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Բայց նաև չի կարելի բացառել, որ նման խոստումներով փորձում են կողմերին շահագրգռել` նրանց փառասիրությունն արթնացնելով»։