12/10/2022 11:06
Ամփոփվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։
Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել 16-94 տարեկան 120 բնակիչների հետ: Հավաքագրվել, համակարգվել և հանրահռչակվել են տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության մասունքները:
Գյուղական բնակավայրերում Շիրակի պետական համալսարանի մասնագետների իրականացրած բանահավաքչական աշխատանքները, ուսումնասիրություններն ու տեսագրությունները ամենօրյա թարմացումներով ներկայացվել են Նշխարներ Շիրակից ֆեյսբուքյան էջում։
Ուսումնասիրություններն իրականացվել են «Շիրակի արդի բանահյուսությունը, տոնածիսական կենցաղը և հոգեբանությունը», «Շիրակը՝ երկրագործական մշակույթի կենտրոն», «Շիրակի հրաշագործ աղբյուրները» թեմաներով, որոնք առաջիկայում կտպագրվեն ՇՊՀ-ի «Գիտական տեղեկագրում»։ Այս թեմաներն առավել մատչելի տարբերակով տեղ են գտել «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» պատկերազարդ ուղեցույցում, որտեղ նկարներին կից QR կոդերը սքանավորելով՝ հնարավոր է լսել տվյալ ավանդազրույցը այն կրողի մատուցմամբ (19 տեսագրություն)։
Ծրագրի ընթացքում գյուղական բնակավայրերում կազմակերպվել են ազգային-ավանդական միջոցառումներ։ «Վարդավառը Սառնաղբյուրում» միջոցառումն անցկացվել է «Զաղա» կոչվող քարանձավով ու «հրաշագործ» ակունքներով հայտնի Սառնաղբյուր գյուղում՝ ներգրավելով տեղի երիտասարդական կազմակերպությանը, գյուղի բնակիչներին, Անի համայնքի երգի ու պարի համույթներին և Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից գյուղ այցելած հյուրերին։ Տոնի և տոնական օրվա մասին տեսաֆիլմ են պատրաստել Շիրակի պետական համալսարանի ուսանողները։
«1000 ցավի բալասան․ Հայաստանի դեղաբույսերը» խորագրով միջոցառումն անցկացվել է ենթալպյան գոտի համարվող և բուժիչ խոտաբույսերի բազմազանությամբ հայտնի Ամասիայում։ Միջոցառմանը մասնակցել են Ամասիայի միջնակարգ դպրոցի սովորողներն ու մանկավարժները, Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցները և հոգևոր հովիվը։
Ծրագրի ավարտական փուլում աշխատանքային խումբն այցելել է Աշոցքի, Ամասիայի և Մարալիկի դպրոցներ, հանդիպումներ ունեցել մանկավարժների և աշակերտների հետ, ներկայացրել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, հավաքագրման և պահպանման անհրաժեշտությունը՝ նոր սերնդին ներգրավելով մշակութային ժառանգության պահպանման գործին։