12/10/2022 10:03
«Հրապարակ». ArmDaily.am լրատվական կայքը չորս տարվա գործունեությունից հետո դադարեցրել է աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «ArmDaily.am լրատվական կայքը չորս տարվա գործունեությունից հետո դադարեցրել է աշխատանքը. մոտ մեկ շաբաթ է՝ կայքում գրեթե լուրեր չեն թարմացվում։ Մեզ պատմեցին, որ մեկ շաբաթ առաջ կայքի տնօրինությունը՝ ի դեմս Անի Շեկոյանի, անսպասելի ժողով է հրավիրել և կայքի փակվելու մեղքը փորձել բարդել աշխատակիցների վրա։ Ասվել է, որ կայքի աշխատակիցներն այդպես էլ չդարձան «Սասնա ծռերի» գաղափարակիցները, կարծես վարձու աշխատողներ լինեն, չկա էնտուզիազմ, և սա է նաև իրենց անհաջողությունների պատճառը, ուստի որոշում են կայացնում, որ փակեն լրատվամիջոցը։
Մինչդեռ, որոշ տեղեկություններով, կայքի գործունեությունը դադարեցնելու իրական պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։ Նոր սեփականատերերը հույս են ունեցել, որ իշխանությունների կողմից ֆինանսավորում կունենան, քանի որ իրենց գործունեությունն ավելի շատ ընդդիմադիր է ոչ թե իշխանություններին, այլ՝ ռադիկալ ընդդիմությանը, սակայն սպասելիքները չեն արդարացել։ Հիշեցնենք, որ այս կայքն ի սկզբանե հիմնադրվել էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից, իսկ վերջերս մամուլը գրեց, որ այն գնել են «ծռերը», ավելի կոնկրետ` Ժիրայր Սեֆիլյանը, սակայն լրատվամիջոցի տնօրեն են նշանակել քաղաքական և լրատվական ոլորտից հեռու, նորաձևության ոլորտում հայտնի Անի Շեկոյանին»։