12/10/2022 11:54
Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցության ընդլայնումը կարևոր է. Փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության(ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ:
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները:
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ կարևոր է տեղական նշանակության ճանապարհային ցանցի հիմնախնդիրների վեր հանումը, այդ խնդիրների լուծումը և ցանցի վերականգնումը, որն էական ազդեցություն կունենա համայնքներում բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներից և հավելել, որ ճանապարհների անվտանգության խնդիրների լուծումներն առաջնային են կառավարության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող կարևոր նշանակության այլ հարցեր ևս: