13/10/2022 10:37
«Հայաստանում զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր». պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի, եթե անցնեն ատեստավորում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարաի խոսքով՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել, հավելավճարի հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների ատեստավորում անցնելու հանգամանքով:
«Հավելավճար հաշվարկելու նպատակով անցակացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված ու համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո ու ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը», - նշեց Պապիկյանը:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:
Օրենքի նախագծի ընդունումը և դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լրավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը ԶՈՒ համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին երրորդ տարվա ավարտին ամբողջությամբ ատեստավորելու և հավելավճար վճարելու դեպքում կարող է կազմել մինչև 60 մլրդ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագիծը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է:
«Զինվորականները ատեստավորում անցնելու դեպքում կստանան աշխատավարձի կրկնապատկում ու երբեմն նույնիսկ ավելին: Այս գործընթացը կշարունակվի», - նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ սա պրոֆեսիոնալ բանակի անցնելու անբաժան մաս է:
«Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, անմիջապես բնակարան կստանա պետությունից: Զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր», - ընդգծեց վարչապետը:
Նախագիծը որոշվեց համարել անհետաձգելի ու ուղարկել Ազգային ժողով: