13/10/2022 11:06
Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում. Փաշինյանը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանի ծննդյան 85-ամյակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։
«Սիրելի՛ մաեստրո,
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:
Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում:
Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:
Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:
Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ», - նշված է ուղերձում։