13/10/2022 10:16
«Հրապարակ». Հրայր Հակոբյանը և մյուս ընտանիքները որոշել են օրենքով սահմանված բոլոր միջոցներով հասնել իրենց իրավունքների վերականգնմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերսանդիկ և Հրայր Հակոբյանների 20-21 տարվա ոդիսականը մեկնարկել է 2001 թվականին, երբ Շամպայն-գինիների գործարանի սեփականատեր եղբայրներն Աբովյան 10 հասցեում գտնվող 124.52 քմ բնակելի տունն են ձեռք բերել: Այդ պահին տունը պատմամշակութային հուշարձան էր, որը վերափոխելու իրավունք ոչ ոք չուներ, բայց ընդամենը 1 տարի հետո տունն ընդգրկվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում և հանվել հուշարձանների ցանկից, որպեսզի տրամադրվի սիրիահայ Ավետիս Կարագուլյանին։
Նա Երևանի կենտրոնում երկարաժամկետ կառուցապատում սկսելու ծրագիր ուներ, որը մինչ օրս ավարտված չէ։ Թեև օրենքն ասում է` եթե 12 տարում ծրագիրը չի իրականացվել, պետք է չեղարկվի: Ծրագիրը չի իրականացվել, սակայն տնազուրկ դարձած բազմաթիվ ընտանիքներ 20 և ավելի տարի մաշում են դատարանների դռներին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Նրանցից ոմանք այլևս ողջ չեն, ինչպես Վերսանդիկ Հակոբյանը, բայց շատերը շարունակում են պայքարը, ինչպես Հրայր Հակոբյանը և Վերսանդիկ Հակոբյանի ընտանիքը, ովքեր 2019 թվականին հաղթել են Եվրոպական դատարանում։
ՄԻԵԴ-ը նրանց 20 տարվա զրկանքների դիմաց 259 հազար եվրո փոխհատուցում է սահմանել և արձանագրել է իրավունքների կոպիտ ոտնահարումը։ Սակայն գումարը գույքի դիմաց չէ, այլ կրած բարոյական վնասների փոխհատուցումն է: Շարունակությունը՝ խախտված իրավունքների վերականգնումը՝ գույքը վերադարձնելու ճանապարհով, պետք է իրականացվի արդեն Հայաստանում։ Այս ընթացքում Հայաստանում իշխանություն է փոխվել, և Ավետիս Կարագուլյանն ու նրան հովանավորողները, թվում է, այլևս մեծ ազդեցություն չունեն դատարանների վրա, բայց ուղիղ 3 տարի է՝ ՀՀ դատական համակարգը չի կատարում ՄԻԵԴ որոշումը։ Հրայր Հակոբյանը և մյուս ընտանիքները որոշել են օրենքով սահմանված բոլոր միջոցներով հասնել այն բանին, որ իրենց իրավունքները վերականգնվեն, իսկ 20 տարի առաջ խլված գույքը վերադարձվի»։