13/10/2022 15:43
Ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում. Մարուքյանը հակադարձել է Ալիևին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:
Ըստ Մարուքյանի՝ Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:
«Ահա դա է պատճառը, որ նա, որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:
Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում», - Facebook-ում գրել է Մարուքյանը: