13/10/2022 10:24
«Փաստ». Կրկին կիրականացվեն Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր
«Փաստ» թերթը գրում է. «COVID-19 համավարակից հետո մոտ 2,5 տարի Հայաստանում ընդհանրապես չէր գործում որևէ ուղիղ չվերթ դեպի Իսրայել: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները երկարատև դադարից հետո կրկին հնարավորություն կունենան ճանապարհորդել Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթերով:
Դա հնարավոր է դարձել Հայաստանոււմ գործող «Ախթամար տուր» տուրիստական ընկերությանն և «Israir» իսրայելական ավիաընկերության համագործակցության շնորհիվ: Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց «Ախթամար տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Հակոբյանը՝ հավելելով, որ չվերթերն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին: Հակոբյանը նաև նշեց, որ եթե պահանջարկը մեծ լինի, չվերթերի հաճախակիությունը նույնպես կավելանա:
Ի դեպ, Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթի ավիատոմսերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ոչ միայն «Ախթամար տուր» և «Israir» ընկերությունների պաշտոնական կայքերում, այլ նաև ավիատոմսերի ամրագրումների համար նախատեսված բոլոր առցանց համակարգերոււմ»։