14/10/2022 11:45
«Անընդունելի է, ոչ կոռեկտ». Պուտինն ասել է, որ զարմացել է՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռկետ և անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության, իբր, ապակառուցողական դերի մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ», - ԱՊՀ գագաթնաժողովում ասել է ՌԴ ղեկավարը:
ՌԴ նախագահը կարծում է, որ այդ խոսքերում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը:
«Հնարավորություն կլինի. մենք կքննարկենք սա Ֆրանսիայի նախագահի հետ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն՝ ներառյալ Ղարաբաղին և նրա շուրջ հարցերը»։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ռուսներն օգտագործել են ԼՂ հակամարտությունը, որ «խաղան Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ»: