14/10/2022 10:10
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդյոք փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ», և որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, և, ընդհանրապես, հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։
Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է։ Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ` տարիներին չի ստորագրվի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում ասում են, որ դա խաղուպար չէ, որ մի քանի ամսում մշակեն ու հասցնեն ստորագրելու մակարդակին»։