14/10/2022 14:29
Առցանց անմաքս առևտրի 200 հազար դրամի շեմը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը. Գարիկ Մինասյան
Մինչև 2023 թ. ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաքանիների համար, որոնք բերվում են փոխադրողների միջոցով կամ միջազգային փոստային առաքանիներով, գործելու է 200 հազար դրամ և (կամ) 31 կգ արտոնության շեմը։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։
«2022 թվականի սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 151 որոշման համաձայն, մինչև 2023 թ. ապրիլի 1-ը երկարաձգվեց անմաքս առևտրի արտոնության ժամկետը։ Փոխադրողների կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ ընդհանուր տարածք, այդ թվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 1000 եվրո շեմը։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում սահմանված է ավելի խիստ նորմ՝ 200 հազար դրամ և (կամ) 31 կգ արտոնության շեմը», - մանրամասնել է ՊԵԿ պաշտոնյան։
Գարիկ Մինասյանը հիշեցրել է՝ տվյալ կարգավորումը վերաբերում է յուրաքանչյուր առաքանուն և բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։
«Եթե քաղաքացին այսօր պատվիրել է առաքանի, որի արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, նա հաջորդ օրը նույնպես կարող է պատվիրել նման առաքանի, այդ դեպքում ևս արտոնությունը կիրառելի է։ Բայց այս ամենը վերաբերում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։ Արտոնության շեմը չի վերաբերի այն քաղաքացիներին, որոնք բիզնես գործունեություն կիրականացնեն», - ասել է ՊԵԿ վարչության պետը։
Մինասյանը թվարկել է՝ անձնական օգտագործման միջոցներ են համարվում հեռախոսը, համակարգիչը, ականջակալը, հագուստը և այլն։ Փոստային առաքանիների միջոցով ԵԱՏՄ տարածք չի թույլատրվում ներմուծել թմրանյութեր, հոգեմետ դեղեր և այլն։