14/10/2022 13:45
Արցախն Ադրբեջանի կազմում «խցկելու» ցանկացած փորձ բերելու է երկու տարբերակի՝ կա՛մ արյունահեղության, կա՛մ Արցախի հայաթափման. Դավիթ Բաբայան (Տեսանյութ)
Եկել ենք այստեղ՝ շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Յուրահատուկ իրավիճակում է գտնվում ողջ հայությունը, առավել ևս՝ Արցախը։ Մենք առերեսվում ենք գոյաբանական մարտահրավերների։ Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխաններ ստանանք և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Կարևոր է, որ ունենանք կայուն կապ՝ կառույցների մակարդակով։ Ազնվորեն քննարկել ենք նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում», - ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք՝ Արցախի պատվիրակությունն այս օրերին Երևանում է և հանդիպումներ է ունենում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ։
Բաբայանն ասաց, որ առաջիկայում հանդիպումներ են ունենալու նաև նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։
«Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել կամ ճանաչել Ադրբեջանի մաս։ Հիմա պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք», - ասաց Արցախի արտգործնախարարը։
Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախն Ադրբեջանի կազմում «խցկելու» ցանկացած փորձ բերելու է երկու տարբերակի՝ կա՛մ արյունահեղության, կա՛մ Արցախի հայաթափման։