14/10/2022 13:05
«Նման բան պետք չէ անել». Սիմոնյանը չի կարծում, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում (Տեսանյութ)
Արցախի պատվիրակությունը ՀՀ ազգային ժողովում հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահերեց՝ պատվիրակությունը բավարարված է եղել հանդիպումով:
«Քննարկել ենք Մոսկվա կատարած իմ այցը, ներկայացրեցի հանդիպումները, քննարկումները, լսեցի մեր գործընկերներին: Շփումները, կարելի է ասել, գրեթե ամեն շաբաթ կան», - ասաց նա:
ԱԺ նախագահն ասաց, թե չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Ես չեմ կարծում, որ պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա, նախևառաջ, կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի ու, միգուցե, առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել», - հայտարարեց Սիմոնյանը:
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հարցը՝ նա արձագանքեց. «Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»:
Նա ասաց, որ Ադրբեջանը մշտական ուղիղ կապի մեջ է Արցախի իշխանության հետ:
«Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանություններն ավելի շատ են տեղեկացված լինում, քան՝ մենք», - ասաց Սիմոնյանը: