14/10/2022 14:12
Կառավարությունն ամեն ինչ անում է բանակի ոգին բարձրացնելու համար, վառ օրինակը սեպտեմբերի 13-ի պատերազմն է. Ադրբեջանը 431 զոհ ունի. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը կարող է երկարացվել:
«Ես շատ կուզենամ, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչներ, այլև Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան, ամբողջ սահմանով կանգնեն ու սադրանքները, որն անում է Ադրբեջանը, տեսնեն՝ ով է հրահրում, ով է խախտում հրադադարը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Սիմոնյանը վստահեցնում է՝ հայկական բանակը, ի հեճուկս մեղադրանքների, ի հեճուկս 2020 թվականի իրավիճակի, այսօր ուղղում է իր մեջքը:
«Կառավարության կողմից ամեն ինչ արվում է մեր զինվորների, բանակի ոգին բարձրացնելու համար, դրա վառ օրինակն էր սեպտեմբերի 13-ի իրադարձությունների ժամանակ մեր տղաների հերոսամարտը, երբ իրենք հերոսաբար պահեցին Հայաստանի սահմանը, որովհետև, իմ ընկալմամբ, 13-ի պատերազմի նպատակները լիովին այլ էին ու, շնորհիվ մեր բանակի, նպատակները չիրականացան», - նշեց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանը մոտավորապես 2-3 անգամ ավելի շատ զոհ է ունեցել:
«Իմ տվյաներով՝ Ադրբեջանի զոհերի քանակը 431 է, կարող եք հրապարակել այս թիվը՝ ինձ հղում անելով», - ասաց նա:
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: