15/10/2022 19:15
Կատաղություն. Հիվանդությունը, չկանխվելու դեպքում, հաճախ ունենում է մահացու ելք
Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Չնայած նրան, որ ընդունված է կատաղությունը վերագրել միայն շներին, բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը համարվում նաև գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ):
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում գտնվող, կամ կատաղության կլինիկական դրսևորումներ ունեցող կենդանիները:
Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում):
Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում է թթուների ազդեցությունից, արագ ոչնչանում է մինչև 560C ջերմաստիճանում:
Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Առավել նպատակահարմար է պահպանել զգոնությունն ու հետևել կանխարգելման կանոններին։
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես թափառող, անհայտ և վայրի, կատաղությունից խուսափելու համար, անմիջապես դիմել բժշկական օգնության համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով:
Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`
պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին և այլն,
տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին,
մարդկանց կամ կենդանիներին կծած այլ կենդանիների մասին անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայություններին` կենդանու զննման և 10 օրվա ընթացքում մասնագետների հսկողությամբ կարանտինի ենթարկելու համար,
չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ,
կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհապաղ դիմել բժշկի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։