15/10/2022 10:52
Մենք չենք տեսել ռուսական այդ ջանքերը․ ԱՄՆ Պետդեպը՝ Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին
ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արևուտքի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը։
«Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել», - հավելել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։ Մենք պատմությունից գիտենք, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել իրական կարգավորման», - ասել էր Զախարովան: