15/10/2022 16:47
Միայն վերջին ագրեսիայի ժամանակ թշնամին Իշխանասարից հափշտակել է 8 000 գլուխ մանր եղջերավոր անասուն․ Մարդիկ, գյուղում ապրելով, խուսափում են անասնապահությամբ զբաղվել
Սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ թշնամին Սյունիքի մարզից հափշտակել է 8 000 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 8 տնակ, News.am-ին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Ընդհանուր առմամբ այդ հրետակոծության վնասները մեր կողմից հաշվառվել են եւ ներկայացվել են մարզպետարան: Տների վնասի մասով Վերիշեն եւ Ակներ գյուղերում արդեն բնակիչները փոխհատուցումներ ստացել են: Մոտ 31 ֆերմերներ իրենց անասուններին կորցրել են, որովհետեւ թշնամին հափշտակել է 8 000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից․ խոսքը գնում է Խնձորեսկ եւ Վերին Խնձորեսկ բնակավայրերի ֆերմերների մասին: Նաեւ ունեցել են մեքենաներ այդ հատվածում, որոնք որպես տնակների կցորդներ են ծառայել, եւ այդ 8 տնակները նույնպես հափշտակվել են: Այս մասին հավաքագրված ինֆորմացիան ներկայացրել ենք մարզպետարան, այս պահին դեռ որեւէ ինֆորմացիա չկա»,- ասել է նա:
Փոխքաղաքապետի խոսքով` դեռ վերջնական հստակեցված չէ վնասի չափը, քանի որ դեռ որոշված չէ` ոնց է հաշվարկն արվելու:
«Ընդհանրապես, 2020 թվականի պատերազմից հետո մեր արոտավայրերը զգալի կրճատվել են, եւ մենք լուրջ խնդիրներ ունենք այդ մասով: Ժամանակ առ ժամանակ անասուները անցել են թշնամու վերահսկողության տակ գտնվող հատված, եւ դեռ փոխհատուցումները չեն ստացել: Այնպես որ, ժամանակ առ ժամանակ այդ կորուստները բերում են նրան, որ մարդիկ, գյուղում ապրելով, խուսափում են անասուններ պահելուց»,-ասել է Յոլյանը՝ հավելելով, որ ե՛ւ պատերազմի, ե՛ւ վերջին ագրեսիայի ընթացքում անվտանգային միջավայրը շատ է փոխվել` ազդելով գյուղատնտեսության վրա:
Յոլյանը նշել է, որ այժմ իրենք փորձում են նոր գործիքակազմով նպաստել գյուղատնտեսության զարգացմանը․ այս պահին փորձում են մարզում զարգացնել մեղվապահությունը, վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում: