15/10/2022 11:57
«Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ տալու է հաղթական պտուղներ». Երևանում մեկնարկել է Սամբոյի աշխարհի առաջնությունը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են 14 մեդալ՝ 12 բրոնզե և 2 արծաթե:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը միջոցառման գլխավոր պատվիրակներն են:
Շեստակովը նշել է՝ Հայաստանը հերթական կարևոր քայլն է անում համաշխարհային սպորտում:
«Սամբոն մի մեծ ընտանիք է, որտեղ չկա թշնամություն, այլ միայն արդար մրցակցություն է», - ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Գագիկ Ծառուկյանին այս տոնը կազմակերպելու համար:
Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն էլ ընդգծել է՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ տալու է հաղթական պտուղներ:
«Պարոն Ծառուկյանը մշտապես եղել է սամբոյի թիկունքին կանգնած, մշտապես աջակցել է մեզ, հիմա էլ է մեր կողքին, հյուրընկալեց մեր պատվիրակությանը», - ասել է Հայրապետյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ վստահեցրել է՝ հայ մարզիկները ցանկացած մրցաշարում կարող են հաղթող լինել:
«Բոլորը պարապում են՝ մարզիկները, մարզիչները, ու կկարողանան մեր հայ ազգի պատիվը բարձր պահել: Պետք է հետևել, ուշադրություն դարձնել, զարգացնել, որ մեր մեդալներն ավելի շատ լինեն», - նշել է Ծառուկյանը: