17/10/2022 14:15
Երևանը Բաքվին առաջարկել է սահմանին անցակետեր բացելու անիրատեսական տարբերակներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։
«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։
Անցակետերի և անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրել է, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասել էր վարչապետը։
Օգոստոսի18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: