17/10/2022 19:10
Երիկամների ամիլոիդոզ․ Հիվանդության առաջացումն ու բուժումը
Ընդհանուր ամիլոիդոզը զարգանում է որպես համակարգային հիվանդության արդյունք, որի հետևանքով հյուսվածքներում յուրատեսակ ամիլոիդ նյութ է անջատվում, որն էլ օրգանների գործառությունների խանգարումներ է առաջացնում։
Ամիլոիդոզի սկզբնական շրջանում երիկամներում հայտնաբերվում են կծիկային խանգարումներ՝ օջախային հաստացման, թաղանթային երկակի ուրվագծման և մի շարք մազանոթների անևրիզմների ձևով։ Միջանկյալ գոտու հենքը ներծծվում է պլազմային սպիտակուցներով։ Երիկամների խողովակների և հավաքող խողովակիկների հիմնային թաղանթների մոտ ամիլոիդի նստվածքներ են նկատվում։ Պրոցեսի հարաճման հետ կծիկային ամիլոիդոզի զարգացումն ուժգնանում է։ Նկատվում է հենքի, անոթների, բրդերի և միջանկյալ գոտու ամիլորդոզ։ Զարգանում է նաև խողովակային էպիթելի դիստրոֆիա։ Աստիճանաբար ախտահարվում են ավելի մեծ քանակությամբ կծիկներ, իսկ խողովակային էպիթելի անանցանելիությունը խիստ արտահայտված բնույթ է ստանում։ Երիկամի անոթային և ավշային հունը դատարկվում է։ Տարբերվում են` առաջնային և երկրորդային ամիլոիդոզ։
Առաջնային ամիլոիդոզը զարգանում է ինքնուրույն, առանց նախորդող հիվանդությունների հետ ունեցած կապի։ Երկրորդային ամիլոիդոզը երեխաների մոտ զարգանում է երկարատև քրոնիկական հիվանդությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են հյուսվածքների կազմալուծումով, նյութափոխանակության իմունաբանական կոպիտ խանգարումներով (օստեոմիելիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, ռևմատոիդ արթրիտ և այլն)։
Երկրորդային ամիլոիդոզն արտահայտվում է հիմնական հիվանդության սկզբից մի քանի ամիս կամ տարի անց։ Նրա զարգացումը խթանող գործոններից են վակցինացիան, վիրահատումը, արևահարումը, վնասվածքները։
Ամիլոիդոզի ախտանիշները հայտնվում են աստիճանաբար։ Հիվանդը սովորաբար գանգատներ չի ներկայացնում, և երբեմն միայն այտուցների հայտնվելն է, որ ծնողներին ստիպում է դիմել բժշկի։
Հիվանդության բուժումը նպատակաուղղված է պրոցեսի դադարեցմանը։ Առաջարկվում է դիետա՝ սպիտակուցների պարունակության 50% սահմանափակումով և այն սննդամթերքի ավելացումով, որոնք առավելապես օսլա են պարունակում։ Դիետան պետք է լինի հարստացված մրգերով, բանջարեղենով։ Ըստ ցուցումների նշանակվում են միզամուղ, հիպոտենզիվ միջոցներ և այլն։ Քրոնիկական երիկամային անբավարարության զարգացման դեպքում ցուցված է հեմոդիալիզ։ Երիկամների փոխպատվաստման հնարավորությունն ընդլայնում է այդ հիվանդության բուժման հնարավորությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։