17/10/2022 21:05
Տարատինովի հիվանդություն. Ախտանշաններ և բուժում
Տարատինովի հիվանդությունը նախադպրոցական տարիքի երեխաների հիվանդություն է։ Հիվանդության ախտանիշները բազմազան են։ Որոշ դեպքերում այն գանգի տեղային եզակի ախտահարումն է, այլ դեպքերում՝ ոսկրային հյուսվածքի և մաշկի բազմաթիվ դեստրուկտիվ ախտահարումներ՝ արտաակնության կամ անշաքար շատամիզության առաջացումով։
Հիվանդության ծանրությունը կախված է ոսկրային հյուսվածքի և ներքին օրգանների ախտահարման աստիճաններից։
Առավել բնորոշ ախտանիշներն են՝
ոսկրային հյուսվածքի եզակի կամ բազմաթիվ ախտահարման օջախները,
ոսկրերի արտաքին կամ երեք շերտերի քայքայումը,
ուռուցքանման գոյացությունների առաջացումը,
այդ շրջաններում ուղեկցվող ցավերը,
մեծացած լյարդը, ենթատենդային ջերմությունը և այլն։
Հիվանդությունը տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի, ունի ալիքաձև ընթացք և ավարտվում է երեխաների մեծամասնության առողջացումով։
Բուժման նպատակով կիրառվում են հորմոնային դեղամիջոցներ և ճառագայթային թերապիա։
Հորմոնային բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության ընթացքից։ Սեպտիկ բարդությունների առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ։ Նյութափոխանակության բարելավմանը նպաստում է վիտամինաթերապիան (B1, B6, B12)։ Գլյուկոկորտիկոիդային բուժման արդյունքի բացակայության դեպքում նշանակվում են ցիտոստատիկներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։