17/10/2022 13:01
Հայրենի եզերքի փրկությունը կրկին հայի վրա է՝ Արցախում, Սփյուռքում և Հայաստանում. Կամո Աթայան
Վերջին տարիներին, երբ մեր ունեցած ազգային նշանակալից ձեռքբերումները, անկախության մեծաթիվ արժեքները կորցրինք ու զուգահեռ մեզանում թափ ստացան տարբեր՝ այդ թվում նաև սոցիալականան հարթակներում ընթացող քննարկումները, որոնց ընթացքին հետևելուց հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած նման միջոցառում, ի վերջո, վերածվում է արևմտա և ռուսամետության հենքով բանավեճի կամ խոսքակռվի։
Երբեմն նույնիսկ փորձ անգամ չի արվում մեր իսկ խնդիրների լուծման գործում մեզ գործոն դարձնել ու պատահական չէ, որ միջազգային տարբեր գործընթացներում հաճախ առանց մեզ են քննարկում մեր հարցերը: Կարծես, մոռացել ենք, որ մենք հայկական պետականության կրողներ ենք՝ ՀՀ քաղաքացիներ ու պարտավոր ենք նախ և առաջ լինել հայամետ։
Նվազագույնը 100 տարի մենք փորձում ենք մեր ազգային և գոյաբանական հարցերի լուծման ծանրությունը դնել մի դեպքում Ռուսաստանի, մյուս դեպքում՝ ԱՄՆ-ի, այլ հարմար պահի՝ Ֆրանսիայի ու այլոց վրա ու ոչ մի դեպքում՝ միայն ու միայն մեզ վրա: Նույնիսկ պատմագիտության մեջ չխորացած մարդկանց համար է պարզ, որ այդ ընթացքում, սկսած 1988-ից, երբ Արցախյան ազգային ազատագրական պայքարը թևակոխեց կոնկրետ գործնական և տաք փուլ ու դարձավ մեր պատմության մեջ եզակի համարվող իրական, այլ ոչ թե բարոյական կարևոր հաղթանակներից մեկը, դա տեղի ունեցավ, այն հնարավոր եղավ միայն ու միայն մեր եռամիասնության՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք բռունցքի շնորհիվ, սեփական ուժերին ապավինելու փիլիսոփայությունը այդ տարիներին հաղթանակեց։
Այս և հետագա գործընթացներում, իհարկե, մենք օբյեկտիվորեն չենք բացառել տարբեր, ավանդաբար մեզ դաշնակից պետությունների ու ժողովուրդների իրական ու բարոյական աջակցությունը, սակայն այն միշտ ընթացել է մեր սկսած պայքարի բովում, այլ ոչ թե մենք սպասել ենք, որ նրանք մեր փոխարեն մեր ազգային խնդիրների համար կռիվ տան, այդպիսի բան երբեք չի լինելու ու հատկապես մեր պահով այն անհնարին է։
Մեր պայքարի տերն ու պատասխանատուն հայն է ու, փոխանակ միջազգային հարթակներում և բարձր դռներում լացուկոծ անենք ու աղմուկ բարձրացնենք, որ Ադրբեջանը անցած տարվա մայիսի 12-ից պլանավորված ձևով մտել ու խորանում է ՀՀ սուվերեն տարածքում, որ նույնիսկ մեր նահատակված տղաների աճյունները չենք կարողանում մեր իսկ տարածքից հանել, որ նրանք գեղատեսիլ Ջերմուկի մերձակայքում են արդեն, որ, որ … Մենք դա հանդուրժում ենք և հետո սկսում ուրիշներին մեղադրել դրա համար, բայց չէ՞ որ պետություն կոչվածի առաջին և կարևոր գործառույթն իր սահմաններն անառիկ պահելն է: Նման՝ թույլին ու պարտվածին հատուկ մոտեցումը նույնիսկ բակի երեխաների ամենօրյա վեճերի ու կռիվների ընթացքում չի հարգվում, էլ ուր մնաց միջպետական ու միջազգային ասպարեզում այն ընդունվի։
Այնպես որ, հերիք է սպասենք սրա-նրա օգնությանը կամ աջակցությանը, մեր խնդիրների շահառուն մենք ենք ու, եթե չենք ցանկանում ամբողջովին կորցնել պետություն և պետականություն ու ենթարկվել նոր ցեղասպանության, ապա անհապաղ պետք է միավորվենք ազգովի ու մեր եռամիասնության ուժով կրկին ունենանք առաջին ու հաջորդ հաղթանակները։
Վերջին տարիներին մենք ազգովի հետ ենք վարժվել հաղթելուց, որն էլ դարավոր թշնամին դրել է ոչ միայն իր թվացյալ հաղթանակի, այլև վերջնականապես հայ ազգին ծնկի բերելու իր վաղեմի ցանկության ի կատար ածման հիմքում։
Հավատացեք, մեր հաղթելու գործընթաց եթե սկսվեց, աշխարհը կրկին մեզ հարգելու, օգնելու ու օժանդակելու է։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հոխորտանքներին և քայլերին, ապա հստակ պետք է գիտակցենք, որ նրանք ոչ մի դեպքում ինքնակամ, իրենց «21-րդ դարի համիդյեն» մեր տարածքներից չեն հանելու, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը դա պահանջի: Հայաստան պետությունն իր զինված ուժերով պարտավոր է այդ ուշացած գործընթացն իրականացնել, այլ ոչ թե լացուկոծ բարձրացնել ու նույնիսկ այդպիսի իրավիճակում խաղաղություն մուրալ թշնամուց:
Հ.Գ.1. Ինչպիսի փորձությունների միջով պետք է անցներ հայ ժողովուրդը, որպեսզի համոզվեր, որ առանց Արցախ Հայաստան լինել չի կարող, և մանկամիտների, քաղաքական տարաբնույթ տականքների անգրագետ կամ գիտակցված դավաճանական գործունեության պատճառով մենք կրկին կոտրված տաշտակի առջև ենք կանգնած, կրկին մեր գլխավերևում ծառացած է լինել չլինելու՝ հայի հետին խելքի պատճառով միշտ իրեն ուղեկցող հարցը: Իսկ մեծագույն փորձանքներից, եթե մի հրաշքով մեզ հաջողվի նորից դուրս գալ, այդժամ համոզվելու ենք, որ մեր գոյության լիարժեք նվազագույն սահմանը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը եղած սահմանն էր։
Հ.Գ.2. Ցասումը, տագնապը, հիասթափությունն այնքան շատ ու խորն են, որ մեր հարուստ լեզվի բառամթերքը արդեն չի հերիքում այն արտահայտելու համար: Պարզվում է, որ այս արևի տակ մեն-մենակ ենք մեր ճշմարտության հետ: Այն անընկալելի է ոչ միայն դրսում, այլև ներսում՝ իշխանություն-ընդդիմություն խաղացողների համար: Այնպես որ՝ հայրենի եզերքի փրկությունը կրկին հայի վրա է՝ Արցախում, Սփյուռքում և ՀՀ-ում։