18/10/2022 15:36
Մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է. կապացուցեմ, որ որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է. Փաստաբան Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը վստահեցնում է՝ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չկա ու չի էլ կարող լինել։
«Ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չեմ կարող ներգրավված լինել որևէ կոռուպցիոն հանցագործության մեջ», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց, թե իրեն առաջադրված մեղադրանքով՝ իբրև, ինքն օժանդակել է պաշտոնատար անձին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որ վերջինս չարաշահի իր լիազորությունները։
«Մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է, կարող եմ բնորոշել որպես մերկապարանոց հայտարարություն», - ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը պնդեց՝ իր նկատմամբ կատարվողը ոչ այլ ինչ է, քան՝ մասնագիտական գործունեությանը միջամտել։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - հայտարարեց փաստաբանը։
Էրիկ Ալեքսանյանն ազատ էր արձակվել դատարանի նիստերի դահլիճից, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։
Ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվել է։ Այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, ընթանում է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննությունը։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն երեկ մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։