18/10/2022 20:05
Որո՞նք են մահվան հիմնական նշանները. Կլինիկական և կենսաբանական մահ
Մահը մարդու կենսագործունեության դադարն է։ Շնչառական և սիրտանոթային համակարգերի գործունեության դադարից հետո զարգանում է թթվածնային քաղց, որի նկատմամբ ամենազգայունը ուղեղի բջիջներն են։
Առանձնացնում են մահվան երկու փուլ
Առաջին փուլը կլինիկական մահն է, երբ սիրտը չի աշխատում, և շնչառությունը բացակայում է, սակայն օրգանիզմում առկա թթվածնի որոշ պաշարների շնորհիվ մարդուն դեռ կարելի է արդյունավետ վերակենդանացնել՝ 0-4 րոպե։
4-6 րոպեից հետո սկսում է զարգանալ երկրորդ փուլը՝ կենսաբանական մահը, գլխուղեղի գործունեությունը ընդհատվում է ուղեղի բջիջների անդարձելի մահվան պատճառով։
Մահվան նշաններն են`
տուժածի մարմնի անշարժ դիրքը, ինքնակամ շարժումների բացակայությունը,
ցավային և այլ ազդակների նկատմամբ պատասխան ռեակցիայի բացակայությունը,
մաշկի գունատությունը և կապտավուն երանգը,
գիտակցության բացակայությունը,
շնչառության բացակայությունը և սրտի կանգը,
լույսի ազդեցությունից բիբերի նեղացման բացակայությունը։
Խորը սառեցման կամ կենտրոնական նյարդային համակարգն ընկճող դեղերի ազդեցության պայմաններում զարգացող կլինիկական մահը հաստատելու համար այս նշանները հիմք չեն կարող հանդիսանալ։
Մահվան առավել ստույգ նշաններն են՝
կատվի աչքի ախտանիշը (ակնագունդը կողքերից սեղմելիս բիբը նեղ ճեղքի տեսք է ստանում և բաց թողնելիս իր նախկին տեսքը չի վերականգնում),
տեսանելի լորձաթաղանթների չորացումը, եղջերաթաղանթի խամրումը,
դիակային սառեցումը, փայտացումը (սկսվում է սրտի կանգից 2-4 ժամ անց մարմնի վերին մասերից և աստիճանաբար իջնում ներքև),
դիակային բծերը, որոնք առաջանում են սրտի կանգից 2-4 ժամ անց։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։