18/10/2022 12:21
Կկալանավորվի՞ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. դատարանը քննում է միջնորդությունը
Դատարանը քննում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունը։
Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը վստահեցնում է՝ բերված նյութերում անգամ բառ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները:
«Սա իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք է: Նորից եմ կրկնում, որ քրեական վարույթը կապ չունի որևէ «օրենքով գողի» հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն երեկ մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։