18/10/2022 17:17
«Որևէ կոնկրետ հայտարարություն այսօր չունեմ հնչեցնելու»․ Դեյվիդ Փրայսը՝ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան կատարած այցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչ ռազմական օգնություն կարող է Հայաստանն ակնկալել ԱՄՆ-ից, ասել էր, որ Հայաստանում է՝ լսելու, թե հայկական կողմն ինչ ակնկալիքներ ունի այդ առնչությամբ։ Մեկ ամիս անց կա՞ն կոնկրետ ծրագրեր, ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսին հարց ուղղեցին լրագրողները՝ ԱԺ-ում ընթացող ասուլիսի ժամանակ։
«Որևէ կոնկրետ հայտարարություն այսօր դրա վերաբերյալ չունեմ ներկայացնելու, բայց կարծում եմ, որ խոսնակ Փելոսին շատ հստակ անդրադարձ է արել»,- ի պատասխան՝ ասաց Դեյվիդ Փրայսը։
Նա հավելեց, որ այժմ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոփոխվել է, անվտանգային տիրույթում ևս կարող են փոփոխություններ լինել։
«Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, որքան եղել են, և, վստահաբար, կլինեն փոփոխություններ։
Այս պահին քննարկումներ են տեղի ունենում և՛ մեր բարեկամների միջև, և՛ նրանց հետ՝ մասնավորապես այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Կարող եմ ասել, որ այսդ քննարկումները բավականին ինտենսիվ են»,- ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը։