18/10/2022 16:20
«Երիտասարդներ էին` մինչև 30 տարեկան, մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ․ Կարծում եմ, որ Փաշինյանը պատվիրողն է»․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից:
Նա լրագրողներին ներկայացրել է այսօր իր հետ պատահած դեպքի մանրամասները։ Հիշեցնենք՝ առավոտյան ընդդիմադիր գործիչը բռնության է ենթարկվել։
«Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել։ Նրանք դարանակալել էին, ինձ սպասում էին։ Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետևել էին իմ շարժին: Վերադառնալիս նույնիսկ նկատեցի նրանց, որպես շենքի բնակիչ կամ այցելու, բարևեցի, անցա: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Դիմադրության էլ չհասցրեցի ցույց տամ։ Գցեցին գետնին ու շարունակեցին հիմնականում գլխի շրջանում հարվածել։ Նրանց մտադրությունը կարող էր նաև սպանելը լինել, որովհետև հատկապես գլխի շրջանում էին հարվածում»,- ասել է Էդգար Ղազարյանը:
Ընդդիմադիր գործչին հիվանդանոց է տեղափոխել տարածքով անցնող մեքենաներից մեկի վարորդը։ Այնուհետև Ղազարյանին «Շենգավիթ» ԲԿ-ից շտապօգնության մեքենայով հասցրել են «Էրեբունի» ԲԿ»։
Ինչպես լրագրողներին պատմել է քաղաքական գործիչը, իր նկատմամբ բռնություն գործադրածները որևէ պահանջ չեն ներկայացրել։ Իր հետ տեղի ունեցածը անձնական կամ կենցաղային խնդիրների հետ Էդգար Ղազարյանը չի կապել։
«Ակնհայտ է, որ սա կապված է իմ քաղաքական գործունեության հետ։ Վերջին շրջանում ես ստացել եմ որոշ սպառնալիքներ հիմնականում ֆեյք պրոֆիլներից, որոնց ուշադրություն չեմ դարձրել»,- ասել է նա՝ հավելելով, որ անցյալ տարի էլ է ստացել սպառնալիքներ, որոնց առնչությամբ դիմել է ոստիկանություն, եթե սոցցանցով սպառնալիք հնչեցնողի էջը կեղծ չի եղել։
«Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է։ Սա իշխանության պատվերն է, ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Նա նշել է նաև, որ հիշում է իր նկատմամբ բռնություն գործադրողների դեմքերը։
«Երիտասարդներ էին մինչև 30 տարեկան,մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ։ Կարծում եմ, որ նա պատվիրել է»,- ասել է Ղազարյանը։