18/10/2022 17:40
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված մեր արցախցիների անվտանգությունը, բայց միջազգային ներգրավվածությունը պետք է խորացնել․ Աղաջանյան
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքների նկատմամբ (Արցախի-խմբ․) չունեն, սա փաստ է։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված մեր արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Սրանք փաստեր են, որոնք ընդամենը պետք է արձանագրել»,- ԱԺ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակության հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ռուսաստանից բացի, տարածաշրջանում նաև ԱՄՆ դեկակատարմանն ու հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության ներգրավվածությանն անդրադառնալով՝ Աղաջնյանը շեշտեց՝ այդ ներգրավվածությունը պետք է խորանա։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ընդհանրապես միջազգային հանրության ներգրավվածությանը՝ այս գործընթացում, ես իմ հարցազրույցում արդեն արձանագրել եմ միջազգային հանրության՝ տվյալ հարցում ներգրավվածության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտության այն ջանքերի կարևորությունը, որոնց արդյունքում այդ ներգրավվածությունը պետք է լինի հնարավորինս խորը և համապարփակ։
Մենք կարծում ենք, որ սա է հարցի լուծման հիմնական, կարևորագույն և ամենաիրատեսական ճանապարհը, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- հայտարարեց Աղաջանյանը։