18/10/2022 09:57
«Ժողովուրդ». Եթե խորհրդարանում Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, թեև արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Հովակիմյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու կուսակցական գործունեությունն անկախ հանձնաժողով գործուղվելուց օրեր առաջ է դադարեցրել. եթե խորհրդարանում ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Հովակիմյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջև խոսակցություն է եղել:
«Այդ օրն ԱԺ-ում 67 ՔՊ-ական պատգամավոր կար, որոնցից 2-ը Կոնջորյանին խնդրել են անձնական գործերով լքել ԱԺ-ի շենքն ու չմասնակցել ԿԸՀ անդամների քվեարկությանը: Կոնջորյանն Հովակիմյանից հետաքրքրվել է՝ բավականացնու՞մ են արդյոք ՔՊ պատգամավորների ձայները, եթե ԱԺ-ում կան ընդամենը 65 պատգամավորներ: Հովակիմյանն ասել է, թե խնդիր չի լինի, ինքն իրեն քվեարկի, և 65 հոգին կլրանան», - պատմեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկել է ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի օգտին՝ առաջացնելով հակասահմանադրական իրավիճակ: Հիշեցնենք, որ Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի ընտրվելու հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ առաջիկայում Սահմանադրական դատարանում կվիճարկվի»։