18/10/2022 10:18
«Ժողովուրդ». Առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:
Երեկ ԱԱԾ-ն մտավ դատարան և մինչդատական վարույթում գտնվող մի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալեց: Իսկ ինչո՞ւ հենց այս դատավորին և փաստաբանին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին 22-ին ձերբակալվեց քրեական աստիճանակարգով ամենաբարձր կոչում ունեցող, «օրենքով գող» Լեննականցի Սուրո մականունով Սուրեն Ավետիսյանը, և հիմա իրավապահները այս գործով դատավորի, փաստաբանի, քննիչի գործողություններում կասկածներ են ունեցել, ինչի համար հոկտեբերի 14-ին հենց Քննչական կոմիտեի իր սենյակում ձերբակալվեց Հատուկ կարևորագույն գործերով քննիչ Վլադիմիր Ասատրյանը, իսկ երեկ էլ՝ դատավոր և փաստաբան Ալեքսանյանները:
Իհարկե, մինչդատական վարույթում գտնվող գործերի նկատմամբ նորանշանակ դատախազի ուշադրությունը հատկանշական է, սակայն պետք է նկատի ունենալ, որ, դատավորներին, փաստաբաններին ու քննիչներին ձերբակալելուն զուգահեռ, անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաև հենց դատախազների գործողությունները: Ոլորտի մասնագետները գիտեն, թե դատախազ-քննիչ-դատավոր եռյակի համագործակցության ինչպիսի դեպքեր կան, և որքան հիշարժան են դրանք:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ևս աղմկահարույց ձերբակալություներ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում»։