19/10/2022 17:51
Եթե մոլորակի բնակչությունն ամեն օր բավարար չափով միրգ ու բանջարեղեն օգտագործի, տարեկան մոտ 1,7 միլիոն մարդ չի հիվանդանա քաղցկեղի որոշ տեսակներով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության համաձայն, եթե մոլորակի բնակչությունը բավարար չափով միրգ ու բանջարեղեն ներառի իր սննդակարգում, ապա տարեկան մոտ 1,7 միլիոն մարդ ինքն իրեն կփրկի քաղցկեղի մի քանի տեսակներից և սիրտանոթային հիվանդություններից․ դրանց առաջացման ռիսկը կտրուկ կնվազի։ Այս եզրահանգումը ստիպում է վերանայել սննդակարգը, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե որն է «բավարար չափը»։ ԱՀԿ-ն հաշվարկել է՝ մարդն օրական 400 գրամ բանջարեղեն, միրգ ու հատապտուղ պետք է ուտի։ Ցանկալի է, որ 100 գրամը լինի տերևավոր բանջարեղենը՝ կանաչեղենը, մնացած 300-ը՝ օսլա չպարունակող բանջարեղենի տեսակները, ոչ շատ քաղցր մրգերն ու հատապտուղները։
Տերևավոր բանջարեղենի տեսակներից են սամիթը, մաղադանոսը, ռեհանը, թրթնջուկը, նեխուրը, ռուկոլան, սպանախը և այլն։
Օսլա չպարունակող բանջարեղենի տեսակներից են վարունգը, լոլիկը, կաղամբը՝ իր տեսակներով, պղպեղը, սխտորը, սոխը, ծնեբեկը, սմբուկը և այլն։
Ոչ շատ քաղցր մրգերն ու հատապտուղներն են լոռամրգին, մորին, ազնվամորին, մոշը, ելակը, չիչխանը, կարմիր հաղարջը, թուրինջը, նարինջը, թթվաշ խնձորը, սալորը և այլն։
Ինչու՞ է այդքան կարևոր սննդակարգում տարբեր տեսակի բանջարեղեն ու միրգ, հատապտուղ ներառելը
Դրանք շատ հարուստ են վիտամիններով, հանքանյութերով։ Միրգն ու բանջարեղենը մարդու օրգանիզմն օգտակար նյութերով սնուցող անփոխարինելի ու ամենակարևոր աղբյուրն են։
Միրգն ու բանջարեղենը բջջանյութի անսպառ աղբյուր են, իսկ բջջանյութը սննդի շատ կարևոր բաղադրիչ է։
Նպաստում են աղիքներում նորմալ միկրոֆլորայի ձևավորմանը, բարձրացնում են իմունիտետը։
Բանջարեղենը կտրուկ նվազեցնում է ճարպակալման, սիրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման ռիսկը։
Մրգերում ու բանջարեղենում պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են նվազեցնել աղտոտված շրջակա միջավայրի բացասական հետևանքները։
Օսլա չպարունակող բանջարեղենի տեսակները կալորիաներով շատ հարուստ չեն և գրավիչ են հատկապես ավելորդ քաշից ազատվելու ցանկություն ունեցողների կամ գիրանալուց խուսափողների համար։
Բանջարեղենի, մրգի ու հատապտուղների բազմաթիվ տեսակներում պարունակվող ֆիզեթինը, որը բուսական պիգմենտ է, պաշտպանում է ուղեղը՝ ծերացման «հետևանքներից»։ Ֆիզեթինով հարուստ են հատկապես ելակը, խնձորը, դեղձը, խուրման, խաղողը, կիվին, վարունգը, սոխը, լոլիկը։
Գեղեցիկ ու առանց կնճիռների մաշկ ունենալու համար կարևոր են C վիտամին պարունակող միրգը, բանջարեղենն ու հատապտուղները՝ սև հաղարջը, մասուրը, չիչխանը, կաղամբը, կիվին։
Մրգի, բանջարեղենի, հատապտուղների օգտակար հատկությունները կարելի է անվերջ թվարկել, սակայն պետք է հիշել նաև մեկ այլ կարևոր կանոն․ ամենօրյա սննդակարգում պետք է ներառել առնվազն 3-4 գույնի միրգ, բանջարեղեն ու հատապտուղ՝ կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն։
Մրգերը, բանջարեղենն ու հատապտուղները կարելի է օգտագործել նաև տարբեր ճաշատեսակներում կամ աղանդերներում։ Ամեն օր դրանք ուտելու դեպքում, արդեն երկու շաբաթ անց, օրգանիզմի և արտաքին տեսքի վրա դրական ազդեցությունն ավելի քան ակնհայտ կլինի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։