19/10/2022 19:36
Որո՞նք են մարմնում կուտակված ճարպն այրող ամենաարդյունավետ բնական միջոցները
Մարմնի տարբեր հատվածներում՝ որովայնին, կոնքերին հաճախ ավելորդ ճարպ է կուտակվում՝ տգեղացնելով մարդու կազմվածքը, ինչը բազմաթիվ անհանգստություններ է պատճառում հատկապես կանանց։ Երբեմն նույնիսկ ամենախիստ դիետաները չեն տալիս այն ցանկալի արդյունքը, որին սպասում են ճարպից ու ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողները։ Նման դեպքերում պետք է հիշել՝ կարևոր են ոչ այնքան խիստ դիետաները, որքան սննդակարգում մթերքի այնպիսի տեսակներ ներառելը, որոնք ճարպը հալեցնող բնական միջոցներ են համարվում։
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը հարուստ է կոֆեինով և կատեխինով․ դրանք թույլ չեն տալիս, որպեսզի որովայնի հատվածում ճարպ կուտակվի։ Պարբերաբար կանաչ թեյ խմելու դեպքում լավանում է նաև նյութափոխանակությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 3-4 բաժակ կանաչ թեյ խմել։
Սուրճ
Նախաճաշին մեկ բաժակ տաք, թունդ սուրճը ոչ միայն հավելյալ էներգիա է հաղորդում, այլև թույլ չի տալիս, որ օրգանիզիմն ավելորդ ճարպ կլանի։ Սուրճը լավացնում է նյութափոխանակությունը և այրում է կալորիաները, սակայն այն չարաշահել խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է բարձրանալ զարկերակային ճնշումն ու առաջանալ սրտխփոց։
Կաթնամթերք
Կաթնամթերքը նույնպես օգնում է այրել ճարպը, քանի որ մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, որը խոչընդոտում է կորտիզոլի առաջացումը, իսկ այն «պատասխանատու է» որովայնի հատվածում ճարպի կուտակման համար։ Սննդակարգում պետք է ներառել պանիր, մածուն, բնական յոգուրտ, ցածր յուղայնությամբ կաթ և այլն։
Անանաս
Անանասը հակացելյուլիտային ու միզամուղ հատկություններով օժտված նյութեր է պարունակում, նպաստում է, որ սպիտակուցներն օրգանիզմից դուրս գան։ Խորհուրդ է տրվում ուտել նաև անանասի միջուկը, որը սովորաբար, պնդության ու թթվության պատճառով՝ դեն են նետում։ Թարմ անանասն օգնում է հալեցնել ճարպերը։
Կիտրոն
Բացի հակաբորբոքային հատկություններից, կիտրոնը նաև ճարպը հալեցնող հատկություն ունի։ Այն բարելավում է լյարդի աշխատանքը և արագացնում է մարսողությունը՝ լեղին ավելի լավ տարանջատելու շնորհիվ։ Կիտրոնաթթուն քայքայում է ճարպերը, սպիտակուցները և գլյուցիդները։ Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք ջրի մեջ կես կիտրոն քամել ու խմել՝ նախաճաշից առաջ։ Ըմպելիքին կարելի է նաև մեկ թեյի գդալ բնական մեղր ավելացնել։
Հավկիթ
Հավկիթը ոչ միայն օգտակար է, այլև արագ կշտացնում է։ Նախաճաշին երկու եփած հավկիթ ուտելու դեպքում հնարավոր է «արգելափակել» օրգանիզմ ավելորդ ճարպի մուտքը։
Կծու պղպեղ
Բոլորը չէ, որ կծու և սուր համ ունեցող կերակուրների սիրահար են, սակայն պետք է հիշել, որ կծու պղպեղը կապսաիցին է պարունակում, որը նվազեցնում է օրգանիզմում լիպիդների քանակությունը։ Կծու պղպեղը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, լավացնում է նյութափոխանակությունը, այրում է ավելորդ ճարպը։
Ճարպը հալեցնող այս բնական միջոցները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե ավելորդ քաշից ազատվել ցանկացողները ֆիզիկապես ակտիվ լինեն․ օրվա ընթացքում 30-40 րոպե հատկացնեն քայլելուն, վազելուն, թեթև վարժություններին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։