19/10/2022 20:51
Երեխաների պորտալարային ճողվածք. Մանրամասնում է մանկաբույժը
Երեխաների պորտալարային ճողվածքը ներքին օրգանների տեղաշարժն է որովայնի առաջնային պատից դուրս՝ պորտային օղակի միջով:
Երևույթի առաջացման պատճառների և ախտանշանների, բուժման և կանխարգելման մասին Aysor.am-ը խոսել է մանկաբույժ Հերմինե Ասատրյանի հետ.
«Պորտալարային ճողվածքը երեխաների մոտ դրսևորվում է պորտի հատվածում կլոր կամ օվալ ելուստով, որը լարման հետ գնալով մեծանում է։ Երեխաների մոտ պորտալարային ճողվածքը ճանաչվում է որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ։
Բուժման մեթոդները ներառում են որովայնի առաջնային պատի մերսում, վարժություն- թերապիա, կպչուն վիրակապի կիրառում, իսկ առավել բարդացած դեպքերում՝ ճողվածքի վիրահատական հեռացում»,- ասաց բժիշկ Ասատրյանը։
Պորտալարային օղակի ամրացման գործում կարևոր դեր են խաղում որովայնի մկանները, որոնք ապահովում են անցքի լրացուցիչ սեղմումը։ Քանի դեռ պորտալարային օղակի վերականգնումը չի ավարտվել, ներորովայնային ճնշման ցանկացած աճ կարող է հրահրել որովայնի, օմենտումի և աղիքային հանգույցների ելքը արտաքին տարածություն: Այսպիսով, երեխաների մոտ պորտալարային ճողվածք է ձևավորվում պորտալարային օղակի չփակվելու և որովայնի թուլության պատճառով։
Որպես երեխաների մոտ պորտալարային ճողվածքի առաջացման հիմնական գործոն՝ դիտարկվում է որովայնային պատի ժառանգական թուլությունը։ Բացի այդ, մանկական տարբեր հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման բարձրացմամբ, նպաստում են պորտալարային ճողվածքի ձևավորմանը. օրինակ՝ կապույտ հազը, բրոնխիտը, թոքաբորբը, դիզենտերիան, դիսբակտերիոզը, լակտազի անբավարարություըն, փորկապությունը և այլն։
Բժիշկ Հերմինե Ասատրյանը հավելեց նաև, որ պորտալարային ճողվածքն ավելի հաճախ հանդիպում է վաղաժամ ծնված երեխաների մոտ, որոնք տառապում են որովայնի պատի մկանների տոնուսը նվազեցնող հիվանդություններով՝ բնածին հիպոթիրեոզ, թերսնուցում, ռախիտ և այլն:
Ճողվածքի ինքնալուծարմանը նպաստում են որովայնի առաջնային պատի ամրացմանն ուղղված միջոցառումները. պահպանողական բուժումը կարող է ներառել կպչուն վիրակապի կիրառում և հատուկ գոտու կրում: Սովորաբար, երբ պորտալարային օղակի տրամագիծը չի գերազանցում 1,5 սմ-ը, ճողվածքները երեխաների մոտ ինքնուրույն անհետանում են 5-7 տարեկանում։
«Երեխաների պորտալարային ճողվածքի վիրաբուժական բուժման ցուցումներն են նրա մեծ չափերը, մարսողական խանգարումները, նախադպրոցական տարիքում բուժման բացակայությունը։ Ինքնաբուժմանը նպաստում է երեխայի ճիշտ ֆիզիկական զարգացումը, բավարար շարժիչ ակտիվությունը, աղիների գործունեության նորմալացումը, ուղեկցող հիվանդությունների բուժումը»,- ասաց մանկաբույժը։
Պորտալարային ճողվածքի ժամանակին և ճշգրիտ հայտնաբերման համար կարևոր է երեխաների կլինիկական հետազոտությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։