19/10/2022 13:53
«Չեմ կարող ասել, որ կբացառվի». Վահան Քերոբյանը՝ 150 հազար դոլար ներդրում անող Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։
Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսվում են Հայաստանում:
«Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, այդ պատճառով առաջարկն այսօր այսպիսին է։ Բնականաբար, որոշակի ճշգրտումների և ընդհանուր ավելի կոմպակտ տեսքի կբերվի նախագիծը, մինչև այն ընդունելը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները՝ նախարարն արձագանքեց. «Բնականաբար, ընդհանուր ընթացակարգերը թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, կարծում եմ՝ այդ հարցերն այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն, և մենք կունենանք այն իրավիճակը, որ չենք ունենա չափից շատ երկքաղաքացիներ»։
Ճշտող հարցին՝ կբացառվի՞, որ ներդրումներ կարող են անել նաև Թուրքիայի քաղաքացիները՝ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ կբացառվի, քանի որ Թուրքիայում ապրում են բավականին շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի ու վտանգավոր դեպքերը»։