19/10/2022 18:01
ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման մասին համաձայնագրի նախագիծը․ Փաստաթուղթը ներկայացվելու է երկրների ղեկավարներին
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի անդամները համաձայնեցրել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման մասին համաձայնագրի նախագիծը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Շատ հարցերի շուրջ, գործնականում՝ բոլոր հարցերի շուրջ, որոնք օրակարգում էին, համապատասխան որոշումներ են ընդունվել։ Հատկապես ուզում եմ ընդգծել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման մասին համաձայնագրի նախագիծը, որը համաձայնեցրել ենք։ Պետք է նշեմ, որ այս համաձայնագրի նախագիծը մշակել է բելառուսական կողմը։ Քանի որ այն վավերացման ենթակա բարդ, միջազգային փաստաթուղթ է, մենք բավականին երկար ժամանակ, մանրակրկիտ աշխատել ենք, և այսօր մեզ հաջողվեց դրա շուրջ վերջնական համաձայնության գալ։ Ներկայացնելու ենք մեր պետությունների ղեկավարներին՝ դիտարկելու, հաստատելու և ստորագրելու համար»,- ասել է Սեմերիկովը։