19/10/2022 12:29
Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացնելն անարդարության խայտառակ դրսևորում կլինի. Փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը պնդում է՝ Ալեքսանյանին կալանավորելու մասին որոշում կայացնելը անարդարության խայտառակ դրսևորում կլինի:
Փաստաբանի խոսքով՝ ըստ ներկայացված կալանավորման միջնորդության՝ Էրիկ Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից` ազդել դեռևս անհայտ անձանց վրա և թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:
«Սակայն, արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով` միակ բանը, որ նա անում է, իր ընտանիքի և ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով սպասելն է դատական ակտի հրապարակմանը:
Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը անարդարության խայտառակ դրսևորում կլինի», - Facebook-ում գրել է Հարությունյանը։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։
Էրիկ Ալեքսանյանն ազատ էր արձակվել դատարանի նիստերի դահլիճից, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։
Ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվել էր։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, այսօր կհրապարակի որոշումը՝ բավարարում է արդյոք Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։