19/10/2022 16:11
«Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք Թուրքիայում միջազգային գազային հանգույց ստեղծել, որով ռուսական գազը կհասնի Եվրոպա»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածության են եկել Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծելու հարցի շուրջ ․ ռուսական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպա։
«Եվրոպան այժմ զբաղված է այն հարցով, թե ինչպես առաջիկա ձմռանը ջերմություն ապահովի իր համար։ Մենք այդպիսի խնդիր չունենք։ Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք մեր տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծել, որի միջոցով բնական գազը, ինչպես Վլադիմիր Պուտինն է ասում, հնարավոր կլինի մատակարարել Եվրոպա․ Եվրոպան կարող է գազ գնել Թուրքիայի միջոցով»,- ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, հայտարարել է Էրդողանը՝ մեջլիսում։
Նշենք, որ միջազգային գազային հանգույց ստեղծելու հարցը Պուտինն ու Էրդողանը քննարկել են հոկտեմբերի 13-ին՝ Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ։
Ինչպես հայտարարել է Էրդողանը, այն կառուցվելու է ամենասեղմ ժամկետում, ամենահարմար վայրը Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Թրակիայի շրջանն է։