19/10/2022 13:24
ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումն անդամ երկրներին հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնել առևտուր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ - էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնժողովի հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի և գազի առևտուր։
Կարևորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
Նախարարի հետ հանդիպումից հետո Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը շրջայց է կատարել ԱԷԿ-ում, ապա նաև այցելել է Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրի մաս կազմող Սևան ՀԷԿ, որտեղ Ա․Կոժոշևը ծանոթացել կայանների աշխատանքին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։