20/10/2022 11:22
ԵՄ-ն 33 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծերը:
Դրանցով կնքվում են դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրեր. Ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից:
Առաջինով նախատեսված է 10 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:
Մյուս համաձայնագրով նախատեսված է 23 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական ու դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու զարգացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ԵՄ-ն Հայաստանին մինչև 2026 թվականը 2,4 միլիարդ եվրոյի աջակցություն կցուցաբերի: