21/10/2022 17:15
Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Իրանում՝ Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը:
Միրզոյանն այդ մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողության ժամանակ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։