21/10/2022 15:47
Կալանավորվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը
Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին, այս մասին հաղորդել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով, և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը», - Facebook-ում գրել է Սարգսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։