21/10/2022 21:01
Արմավի օգտակար հատկությունները. կարող է թեթևացնել լեղապարկի ցավը
Արաբական մի շարք երկրներում արմավին տվել են «անապատի հաց» անվանումը, քանի որ արմավն այս տարածաշրջանի բնակիչների մեծամասնության հիմնական սնունդն է։
Արմավի առանձնահատկությունն այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ առողջ ածխաջրեր՝ մինչև 65%․ շատ ավելին, քան ցանկացած այլ միրգ ու պտուղ է պարունակում։ Արմավի պտուղները պարունակում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ և 23 կարևոր ամինաթթուներ։
Համեղ և քաղցր արևելյան պտուղը օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի «պահեստ» է, այդ նյութերն ունեն իմունային համակարգը ամրապնդող և բուժիչ հատկություններ։
Արմավը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Ուստի խորհուրդ է տրվում պտուղներն առավել շատ ուտել գարնանը, երբ օրգանիզմն ավելի խոցելի է տարբեր վարակների նկատմամբ։
Արմավը հարուստ է հանքանյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում արյան ձևավորման վրա։ Երկաթ պարունակելու շնորհիվ այդ նյութերը իդեալական սննդային հավելում են դառնում։
Կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության վերջին 4 շաբաթների ընթացքում արմավ ուտելը նպաստում է, որ ծննդաբերությունն ավելի հեշտ անցնի։ Արմավն օգնում է բարձրացնել արգանդի տոնուսը, ինչպես նաև արագացնել ու ուժեղացնել կծկումները։
Խուրմայի բաղադրության մեջ B խմբի վիտամինների մեծ քանակությունն ուղղակիորեն ազդում է ուղեղի գործունեության բարելավման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ B վիտամինները՝ B6, B9, B12, ազդում են հոմոցիստեինի մակարդակի նվազման վրա, իսկ դրա բարձր մակարդակը Ալցհեյմերի հիվանդության ռիսկ է առաջացնում։
Կոսմետիկ արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվում է արմավի յուղը, որը ստացվում է պտղի սերմերից։ Յուղի էքստրակտն օգտագործվում է բազմաթիվ հակատարիքային քսուքների և դեմքի սկրաբների մեջ: Հաճախ այն ավելացնում են մերսման յուղերի մեջ, քանի որ փափկացնում է մաշկը, դրան հաղորդում առողջ գույն և փայլ։ Արմավի մեջ պարունակվող տանինները մաշկը դարձնում են փափուկ և առաձգական՝ պահպանելով տոնայնությունը և դանդաղեցնելով ծերացման գործընթացը։
Պտղի սերմերը պարունակում են նյութեր, որոնք օգնում են ամրացնել մազերը, ուստի արմավի սերմի յուղի մզվածքը հաճախ ավելացնում են շամպունների և մազերի խնամքի միջոցների մեջ: Այն օգնում է ազատվել մազերի ճեղքված ծայրերից, ամրացնել վարսերը, դրանց հաղորդել առողջ փայլ։
Բորբոքումը թեթևացնելու ունակության շնորհիվ արմավը չափազանց օգտակար է նաև խոլեցիստիտի բուժման համար։ Արմավի օգտագործումը կօգնի թեթևացնել լեղապարկի ցավը, ազատվել կրծքավանդակի և որովայնի շրջանում այրոցի զգացողությունից, արագացնել նյութափոխանակության գործընթացները բջիջներում և պայքարել վիրուսների դեմ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։