21/10/2022 17:50
Հնարավո՞ր է արդյոք ուտել հացաբուլկեղեն և չգիրանալ
Հացաբուլկեղենը հիմնականում ցորենի ալյուրից են պատրաստում․ այն «ծանր» հացահատիկ է համարվում, իսկ քաղցր խմորեղեն պատրաստելիս, ցորենի ալյուրից բացի, օգտագործում են նաև կարագ, կաթ, թթվասեր, խտացրած կաթ, սերուցք, ձու և այլն։ Այսպիսի բաղադրությամբ սննդամթերքը, հատկապես, եթե այն չարաշահում են, որպես կանոն, դժվարացնում է մարսողական համակարգի բոլոր օրգանների աշխատանքը, նպաստում է տոքսինների առաջացմանը։
Ի՞նչ անել, ուրեմն, հացաբուլկեղեն և այդքան սիրված քաղցր խմորեղեն ուտելիս՝ չգիրանալու և առողջությանը վնաս չպատճառելու համար։
Պատրաստի խմորեղեն գնելիս առաջին հերթին պետք է ծանոթանալ բաղադրությանը․ լավ կլինի, որ սպիտակուցային բաղադրիչները 2-ից ավելին չլինեն։ Օրինակ, եթե պահպանման ոչ երկար ժամկետ ունեցող թխվածքաբլիթներում ձու և կաթնաշոռ կա, նորմալ է, բայց եթե սերուցքով տորթ եք գնել, որի բաղադրության մեջ կա նաև թթվասեր, կարագ, ձու, ապա պետք է բավարարվել այդ տորթից միայն մեկ բարակ կտոր ուտելով։
Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ բաղադրության մեջ կոնսերվանտներ, մարգարին, խմորիչ չլինեն։
Եթե խմորեղենն ինքներդ եք թխում, նախապատվություն պետք է տալ թեթև բաղադրատոմսերին։
Օրվա ո՞ր ժամերին կարելի է ուտել հացաբուլկեղեն ու խմորեղեն
Ցորենի ալյուրից պատրաստված հացաբուլկեղենն ու խմորեղենը պետք է ուտել առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 18։30-ը՝ ոչ շատ մեծ քանակությամբ։
Երեկոյան ժամերին՝ ընթրիքին դրանք ճաշակելու դեպքում որովայնին ու ազդրերին, ժամանակի ընթացքում, ճարպային կուտակումներ կառաջանան, ծանրության զգացողություն՝ ստամոքսում, նյութափոխանակության դանդաղում և այլն։
Հացաբուլկեղեն ու խմորեղեն կարելի է պատրաստել ալյուրի տարբեր տեսակներից
Օրինակ՝ հնդկաձավարի ալյուրից։ Այս դեպքում կանոններն այլ են։ Հնդկաձավարի ալյուրից պատրաստված թխուկները կարելի է ուտել նաև ընթրիքին։
Տարեկանի հացով բուտերբրոդները նախաճաշի հետաքրքիր տարբերակ են։ Տաք կերակուրները ևս խորհուրդ է տրվում ուտել տարեկանի հացով։
Կարևոր է նաև սննդի տարբեր տեսակներն իրար հետ ճիշտ համատեղելը, հաշվի առնելը, թե ինչ սննդատեսակից հետո եք ուտում խմորեղենը կամ այլ թխուկները։ Ձուկ կամ ծովամթերք ուտելուց հետո բաղադրության մեջ ձու պարունակող դեսերտ ուտել խորհուրդ չի տրվում։ Այն մի շարք խնդիրներ կարող է առաջացնել։ Այսպիսի աղանդերը ճիշտ կլինի ճաշակել բանջարեղենային ապուրից հետո։
Որքա՞ն հացաբուլկեղեն ու խմորեղեն կարելի է ուտել օրվա ընթացքում
Թխուկները չպետք է բացառել սննդակարգից․ դրանք իրենց դերակատարումն ունեն, ածաջրերի հարուստ աղբյուր են, սակայն պետք է իմանալ, թե որն է ճիշտ չափը։
Թխվածքն ու հացը ընդհանուր սննդակարգի 4-5-րդ մասը պետք է կազմեն, ոչ ավելին։ Պետք է հաշվի առնել նաև մարդու առողջական վիճակը՝ մարսողական համակարգի ֆունկցիոնալությունը, ավելորդ քաշի առկայությունը և այլն։
Չնայած նրան, որ ալյուրի տեսակները տարբեր են լինում և ունեն տարբեր հատկություններ, դրանց միավորում է այն, որ ցանկացած թխուկ չոր կերակուր է համարվում։ Ստամոքսը, աղեստամոքսային համակարգը հնդկաձավարով շիլան այլ կերպ է «ընկալում», հնդկաձավարի ալյուրից պատրաստված թխուկը՝ այլ։ Այսինքն, մեծ նշանակություն ունի նաև այն, թե նույն մթերքից կերակուրն ինչ մեթոդով է պատրաստվում և որ մեթոդով պատրաստվածն է ավելի արագ ու հեշտ մարսվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։