21/10/2022 18:55
Սեր և հորմոններ․ Ինչպե՞ս են դրանք կառավարում մեր հոգեվիճակն ու վարքագիծը և ինչու՞ են միմյանց սիրող ամուսիններն ավելի երկար ապրում
Երջանկություն, ուրախություն, սեր, կարեկցանք․․․ մարդուն հատուկ այս զգացմունքների «մեղավորները» հորմոններն են, ավելի ճիշտ՝ այն հորմոնները, որոնք նաև նեյրոմեդիատորներ են, այսինքն՝ կառավարում են մեր հոգեվիճակն ու վարքագիծը։
Ապացուցված է՝ սիրող կամ ամուսնական զույգերի ներդաշնակ հարաբերությունները կյանքի տևողությունը 50 տոկոսով երկարացնում են։ Այն ազգերը, որոնք առաջնահերթություն են տալիս ընտանեկան, սոցիալական կապերին, որոնք վառ արտահայտված ջերմ զգացմունքներ ունեն հարազատների, ընտանիքի անդամների, երեխաների, նաև կենդանիների նկատմամբ, մոլորակի բնակչության ամենաառողջ ու երկարակյաց խմբերն են։
Հետազոտությունները ցույց են տվել՝ երջանիկ ընտանեկան կյանքով ապրող զույգերի մոտ առողջական որոշ խնդիրներ, նույնիսկ տրավմաների կամ վերքերի ապաքինումը շատ ավելի կարճ է տևում, քան սիրո պակաս ունեցող զույգերի մոտ է։ Ծանր հիվանդները, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն, բժշկին կամ իրենց ապաքինվելու հնարավորությանը, որոնք շրջապատված են սիրով ու ջերմությամբ, 40 տոկոսով ավելի թեթև են տանում հիվանդության հետևանքները։
Այս ամենին նպաստում է «սիրո հորմոնը»։ Սերն ու դրան հաջորդած նույնպիսի արձագանքը քիմիական ռեակցիա է առաջացնում, ինչն ակտիվացնում է օքսիտոցինի ու դոֆամինի՝ երկու կարևոր նեյրոհաղորդիչների արտադրումը։ Օքսիտոցինը՝ «գրկախառնության հորմոնը», ջերմության, մեկ այլ մարդու հետ կապվածության, նաև այլ ջերմ զգացողություններ է պարգևում։
Օքսիտոցինն օգնում է, որ իջնի զարկերակային ճնշումը, արագանա օրգանիզմի վերականգնումը, լավանա հիշողությունը, ամրապնդվի սեռական առողջությունը,։
Դոֆամինը՝ «լավ ինքնազգացողության» հորմոնը, բարձրացնում է տրամադրությունը, հաճույքի զգացողություն է պարգևում։ Այն առաջանում է, երբ մարդը իր համար դուրեկան բանով է զբաղված՝ ժամանակ է անցկացնում սիրելիի հետ, համեղ կերակուր է վայելում, հիանում է գեղատեսիլ բնությամբ ․․․
Դոֆամինն օգնում է, որ մարդը մոտիվացված լինի, լավացնում է հիշողությունը, նվազեցնում է բորբոքային պրոցեսները, լավացնում է քնի որակը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է Պարկինսոնի հիվանդությունը, լավացնում է սեռական կյանքը։
Ինչպե՞ս ուրեմն ապրել՝ սիրով շրջապատված լինելու, դրական էմոցիաներ ստանալու, ավելի առողջ լինելու համար
Պետք է ավելի հաճախակի շփվել ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մտերիմների հետ, այդ շփումից ստանալ հաճույք։
Սեփական զգացմունքները պետք չէ թաքցնել մտերիմներից․հարկավոր է նրանց հետ կիսվել ուրախությամբ, երջանկությամբ, ձեռքբերումով կամ հաջողությամբ ոգևորել նաև այն մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար։
Ուշադրություն է պետք հատկացնել այն մարդկանց, որոնք արժեքավոր տեղ ունեն ձեր կյանքում․ փոքրիկ նվեր, շնորհավորանք, հաճոյախոսություն, քաջալերող խոսք ․․․
Սիրելի մարդկանց հետ գրկախառնությունը, նրանց ջերմորեն հպվելը, համբուրելը ջերմ ու անկեղծ զգացմունքներն արտահայտելու ամենազորեղ միջոցն են։
Պետք չէ մոռանալ նաև «ինքնավերլուծության» մասին․ վերաիմաստավորել աշխարհում սեփական դերակատարումը, շտկել սխալները, որոնք հաճախ թույլ ենք տալիս ամենամոտ ու սիրելի մարդկանց նկատմամբ, վերաարժևորել հարազատների ու մտերիմների, սիրած էակի անփոխարինելի դերը ձեր կյանքում ու ապրել՝ լցված սիրով սեփական անձի, մերձավորների, աշխարհի նկատմամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։