21/10/2022 17:39
Հայաստանի և Ղրղզստանի հարկային ծառայությունների համագործակցությունը ցանկանում են ամրապնդել
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ, տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը:
Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ երկու գերատեսչությունների փորձագետների միջև համատեղ աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ»,- նշված է ՀՀ ՊԵԿ հաղորդագրությունում: